ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ կուսակցություն փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը, նկատել է, որ այդ լուրի ֆոնին ավելանում են իր էջին հետեւողների թիվը, ինչը պարադոքսալ է:

ԿԳ նախարարը մասնավորապես գրել է.

«Ֆեյսբուքյան պարադոքս.

Երբ իմ հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին ավելանում է ինչպես FB-ում ինձ հետեւող, այնպես էլ աշխատանքս գնահատող մարդկանց թիվը: Իսկ ինձ չսիրող մարդկանց թիվը մնում է անփոփոխ:

Շնորհակալ եմ, հաճելի է»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազատվելու է աշխատանքից, նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը:

Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին կհայտարարվի այսօր՝ փետրվարի 10-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: ԿԳ նախարարությունում արդեն պատրաստվում են ընդունել նոր նախարարին, որը մեծ հավանականությամբ լինելու է Լեւոն Մկրտչյանը:

Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, թե առայժմ պարզ չէ, թե որտեղ է նշանակվելու Արմեն Աշոտյանը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կամ դեսպան, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո արդեն կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծման մասին: Ըստ տեղեկությունների՝ Արմեն Աշոտյանին կփոխարինի ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը, Կարեն Ճշմարիտյանին՝ Արծվիկ Մինասյանին, իսկ Տարածքային կառավարման նախարար կշնանակվի Դավիթ Լոքյանը: