Միջազգային խոշորագույն տուրօպերատոր  TUI-ի տվյալների համաձայն, այս տարի Թուրքիայում հանգստի նախնական պատվերների թիվը նվազել է  40 տոկոսով, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:

Ինչպես նշվում է, Թուրքիայում հանգստի պահանջարկը նվազել է վերջերս տեղի ունեցած բազմաթիվ անկարգությունների եւ ահաբեկչական գործողությունների պատճառով:  Առաջին հերթին անկում է արձանագրվում գերմանական շուկայում, որի պատճառը մեծ մասամբ Ստամբուլի ահաբեկչությունն է, որի որպես զոհ էր ընտրվել   գերմանացի զբոսաշրջիկների խումբը:  Բացի այդ, ընկերությունը մեծ վնասներ է կրում   Սու-24-ի միջադեպի հետ կապված` ռուսաստանյան իշխանությունների կողմից Թուրքիա չարտերային թռիչքներն արգելելու հետեւանքով:

Այժմ որպես այլընտրանք տուրօպերատորը զբոսաշրջիկներին Իսպանիան է առաջարկում, առաջին հերթին` Կանարյան կղզիները, որտեղ ընկերությունը սեփական հյուրանոցային բազա ունի: Շատ զբոսաշրջիկներ սկսել են ընտրել նաեւ Հունաստանում հանգիստը: