Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծները փետրվարի 10-ին տեղափոխվել են Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Փրկենք Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են, որպեսզի առյուծները ընդմիշտ մնան Ուրցաձորում:
«Մենք գոհ ենք, որ այդ կենդանիները դուրս եկան այդ իրավիճակից, բայց դեմ ենք, որպեսզի նրանք ընդմիշտ մնան այնտեղ: Նախ համապատասխան կլիմայական պայմաններ չկան այնտեղ, երկրորդ՝ մենք կողմնակից ենք, որ կենդանիները տեղափոխվեն բաց տարածքներ»,-ասաց բնապահպանը:
Սիլվա Ադամյանի խոսքով՝ առյուծները ժամանակավորապես կմնան Ուրցաձորում, իսկ այժմ քննարկվում է նրանց Հոլանդիա, կամ Անգլիա տեղափոխելու տարբերակները:
«Նախնական պայմանավորվածություն կար, որ առյուծներին Հոլանդիա տեղափոխեն, բայց մենք ասել ենք, որ դեմ ենք այդ տարբերակին, որովհետեւ այնտեղ փակ տարածք է: Եթե պետք է Հոլանդիա տեղափոխվեն, կարծում ենք, որ ավելի լավ է նրանք մնան Հայաստանում, որտեղ մեծ գումարներ են ներդրվում վերականգնողական կենտրոն ստեղծելու համար: Իսկ եթե պիտի տեղափոխվեն, ուրեմն պիտի տեղափոխվեն բաց տարածքներ, Հոլանդիայում չկան նման պայմաններ, մեզ ուղարկել են լուսանկարները, տեսել ենք, ինչ-որ բետոնապատ շինություն է»,-ասաց բնապահպանը:
Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք մտադիր են ստեղծել մի կազմակերպություն, որը կհայտնաբերի վտանգի եզրին կանգնած կենդանիներին, կահազանգի համապատասխան մարմիններին, եւ օրենսդրական կարգավորումների շնորհիվ կխուսափի բրիտանական հայտնի Daily Mail կայքում Գյումրիի կենդանաբանական այգու ամոթալի վիճակի մասին հրապարակման կրկնություններից:
Նշենք, որ NEWS.am-ին Երեւանի կենդանաբանական այգուց տեղեկացրել էին, որ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու արջերը տեղափոխվում են Ռումինիայի «Լիբեարտի» արջերի ապաստարան, այնինչ առյուծների տեղափոխման հարցը դեռեւս քննարկման փուլում է, իսկ իրենք, աջակցելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, 2 արջերի համար տրամադրել են ժամանակավոր կացարան՝ նրանց բուժզննումն ու անհրաժեշտ բոլոր գործընթացները կազմակերպելու համար:
Նշենք, որ Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլեւս չի կարող գոյատեւել՝ կապված կենդանիների սնունդի, ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության հետ:



























