«Նոր Հայաստանը» եւ Հայ ազգային կոնգրեսը դեռ բանակցում են մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու  հարցի շուրջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» միասնական ճակատի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: 

«Բանակցությունները դեռ շարունակվում են, երբ կավարտվեն` հայտնի կլինի: Տարբեր ուժեր բանակցում են, դրված է օրակարգ հանրահավաքի հետ կապված:  Մենք առաջարկել ենք միասնական օրակարգով հանրահավաք իրականացնել եւ հիմա բանակցություններ  են ընթանում, դիրքորոշումներ են արտահայտում մարտի 1-ի վերաբերյալ»,-ասաց Չուգասզյանը:

Նշենք, որ երկու ուժերն էլ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարան Ազատության հրապարակում մարտի 1-ին հանրահավաք անելու վերաբերյալ: Քաղաքապետարանը  երկու ուժերին էլ թույլ է տվել հանրահավաք անցկացնել, եւ հիմա  կողմերը հարթակը չեն զիջում միմյանց, բանակցում են` միասնական օրակարգով հանրահավաք անելու շուրջ:

ՀԱԿ-ում դա համարում են կոպտագույն քաղաքական սխալ, քանի որ բոլորը լավ գիտեն, որ ամեն տարի իրենք մարտի 1-ին հանրահավաք են անում, իսկ «Նոր Հայաստանն» առանց իրենց հետ խորհրդակցելու դիմել է քաղաքապետարան այդ հարցով:

«Դեռ ամսի 11-ն է, մինչեւ  մարտի 1-ը ժամանակ կա, եւ մենք հիմա բանակցությունների մեջ ենք, բավականին դրական քննարկումներ են ընթանում»,- նշել է «Նոր Հայաստանի» ներկայացուցիչը:

Նա դժվարացավ ասել` քննարկումն ինչպես կավարտվի: