Կառավարությունում այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում Երեւանի արեւմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաեւ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Հավանության են արժանացել նաեւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի խորհրդատուի եւ Դավթաշեն-Աշտարակ եւ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքները:
Կառավարման խորհուրդը հանձնարարել է պատասխանատուներին՝ Ասիական զարգացման բանկի գործող ընթացակարգերին համապատասխան սկսել մրցութային գործընթացները:
Մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի (Արտաշատ-Երեւան-Աշտարակ) շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ Փոխըմբռնման համաձայնագիրը: Քննարկվել եւ հաստատվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Թալին-Գյումրի եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրերի իրականացման խորհրդատուի ընտրության արդյունքները եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը:
Վարչապետ Աբրահամյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ որակով եւ սահմանված ժամկետում կատարելու անհրաժեշտության վրա եւ համապատասխան հանձնարարականներ տվել:




























