Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությունը կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող 4 կուրսանտներից երեքի մասին դրական, մեկի մասին բացասական եզրակացություն է տվել:
Այսօր՝ փետրվարի 11-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեցին հարամանատարության տված բնութագրերը:
Հրամանատարները բացասական են բնութագրել մեղադրյալ Մովսես Ազարյանին: Ըստ բնութագրի՝ նա սկզբնական շրջանում լավ վարք է ունեցել, որոշ ժամանակ անց այն դարձել է վատ ու առաջադիմությունն ընկել է:
Մեղադրյալ Վաչե Սահակյանը կարգապահ կուրսանտ է եղել, ուսման առաջադիմությունը բավարար է եղել, նրա մոտ բարձր է կազմակերպչական հատկանիշները, առողջ է շարային առումով, ընկերասեր է, կարգապահական տույժի է ենթարկվել մեկ անգամ:
Մեղադրյալ Գնել Թեւոսյանը ժամանակավորապես առաջին ջոկի հրամանատարի պաշտոնն է զբաղեցրել, բավարար վարք ու կարգապահություն է դրսեւորել, եղել է շփվող ընկերասեր, հոգատար, կարգապահական տույժի է ենթակվել մեկ անգամ իր ու ջոկի ուսման ցածր առաջադիմության համար:
Մեղադրյալ Նորիկ Սահակյանը 2-րդ ջոկի հարմանատար է եղել, կարգապահ կուրասանտ է եղել, իր վրա դրած պարտականությունները բարեխղճորեն կատարել է, հավասարակշռված ու ընկերասեր է, բարձր առաջադիմության համար երեք անգամ խրախուսվել է:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























