Փետրվարի 10-ին Երեւանի Նոր Նորքի ավտոտնակներից մեկում ինքնասպանության  փորձ կատարած 29-ամյա Սուրեն Առաքելյանը  նամակ է գրել ընտանիքի անդամներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարեւաններից մեկը` նշելով, որ երիտասարդն ինքնասպանության փորձը կատարելուց առաջ իրեն պատկանող ավտոտնակի դուռը ներսից փակել է եւ բազմոցին նստած կրակել գլխին:

«Հորը, մորն ու կնոջը նամակ ա գրել` հորը խնդրել է, որ իր երեխուն լավ նայի, կնոջն էլ գրել ա` «Դու ուժեղ ես, կդիմանաս, ես քեզ շատ եմ սիրում», մորն էլ խնդրել ա, որ իրեն ների, գրել ա, որ աշխարհում ամենաշատն իրեն ա սիրում»,-պատմեց հարեւանը` նշելով որ Սուրենի հայրը դեպքից հետո եկել է ավտոտնակ, դուռը փակ է հայտնաբերել, որից հետո էլ զանգել են փրկարարներին:

«Փրկարարներն ու ավտոտնակի կողքին գտնվող ավտոլվացման կետի աշխատողները կարողացել են ավտոտնակ մտնել միայն պատուհանը բացելուց հետո, որից հետո «Շտապօգնության մեքենայով Սուրենին տեղափոխել են հիվանդանոց»,-պատմեց հարեւանը:

Նրա խոսքով, Սուրենն արդեն մի քանի տարի է ամուսնացած է, ունի երեխա: Հարեւանի խոսքով, Սուրենը ընտանիքի համար եղել է  աշխատասեր, հոգատար ու օրինակելի հայր, նրա հարազատները Սուրենի մոտ ոչ մի տարօրինակություն չեն նկատել եւ չգիտեն, թե նա ինչու է այդ քայլին գնացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Մոլդովական փողոցի ավտովերանորոգման սրահներից մեկում, փետրվարի 10-ին, ժամը 19.32-ի սահմանում ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա Սուրեն Առաքելյանը քունքի հատվածում հրազենային վնասվածքով փետրվարի 10-ի երեկոյան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական վարկածով երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին` ինքնասպանության հասցնելը եւ 235-րդ հոդվածի 1-ին ` ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը կամ կրելը :

 Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: