Սիրիայի ընդդիմության զինված խմբավորումները կքննարկեն ժամանակավոր հրադադարի վերաբերյալ առաջարկը, որով Մյունխենում հանդես են եկել Սիրիային աջակցության միջազգային խմբի (ՍԱՄԽ) անդամները: Այդ մասին հայտնել է ընդդիմադիր Բանակցությունների գերագույն կոմիտեի (ԲԳԿ) ներկայացուցիչ Ջորջ Սաբրան:   

«Ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման նախագիծը կքննարկվի տեղում դիմադրության խմբերի կողմից: Հենց նրանք էլ կորոշեն հրադադարի հաստատման հարցը», - նրա խոսքն է մեջբերում AFP գործակալությունը:

Եթե ընդդիմության զինված խմբերը համաձայնեն հրադադարի հաստատմանը եւ եթե իրականացվի ՄԱԿ ԱԽ-ի որոշումը, որը կոչ է անում վերացնել քաղաքների պաշարումը, այդ դեպքում դուռ կբացվի Ժնեւում բանակցությունների վերսկսման համար, կարծում է Սաբրան: 

Միաժամանակ ԲԳԿ-ի գլխավոր կոորդինատոր, Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը հայտնել է, որ  հրադադարի հնարավոր հաստատման մասին որոշումը կախված կլինի   «հարավային եւ հյուսիսային ճակատներում խմբերի միջեւ համաձայնությունից»:

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ աշխատանքային խումբը  «մեկ շաբաթում կմշակի հրադադարի հաստատման եղանակը», այսօր հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով Մյունխենում ՍԱՄԽ-ի հանդիպումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: