Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը նախնական համաձայնությամբ, զբաղեցնելու է ՀՅԴ-ին տրվող Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ  Հանրապետական կուսակցության հետ հնարավոր է լինել փոփոխությունների նույն մայրուղու վրա:

Պարոն Մինասյանհավանաբար մի քանի օրից դաշնակցականները կզբաղեցնեն պաշտոններ եւ կլծվեն  ծանր վիճակում երկիրը ներսից  փոխելու իրենց խոստումների իրականացմանը: Ձեր կարծիքով, արդեն 2017-ին քաղաքացին կտեսնի՞ որեւէ շոշափելի փոփոխություն, որի հիման վրա քվեարկի ՀՅԴ-ի օգտին:

 Պետք է խոսել համագործակցության դրական արդյունքների մասին, չկենտրոնանալ միայն  քաղաքական ուժի վրա` Դաշնակցությանը հաջողվե՞լ է, թե՞ չի հաջողվել: Եթե մենք գնում ենք բարեփոխումների ու եթե դրական  արդյունք եղավ, ինչի հավանականությունը շատ մեծ է, որովհետեւ մենք  համոզմունքով ենք այդ գործին գնում, նշանակում է` այդ դրական արդյունքից օգտվելու են բոլորը, դա չի վերագրվելու միայն Դաշնակցությանը, որովհետեւ այդ դրական արդյունքը հասարակության բոլոր շերտերը զգալու ու տեսնելու են:

Մեկ տարի անց նկատելի՞ է լինելու:          

 Ինչու մեկ տարի հետո, մինչեւ մեկ տարին էլ կարող  է նկատելի լինել: Կարեւորը` դու դուրս գաս ճիշտ ընթացք հաղորդելու մայրուղի:

Հանրապետականի հետ հնարավո՞ր է նույն մայրուղու վրա գտնվել:

Իհարկե, հնարավոր է… Բա  սահմանադրական փոփոխություններն ի՞նչ էին, Դուք կարող էիք համարել, որ դա լավ բան չէ, բայց իրականում այդ փոփոխություններով սահմանադրական հեղաշրջում է տեղի ունեցել, եւ մնում է` մտնի մարդկանց գիտակցության մեջ, այդ թվում ընդդիմության, իշխանության եւ այլն:

Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրել պաշտոնավարման ոլորտները` մարզերն ու նախարարությունները:

Ես մի քանի անգամ ասել եմ ու կրկնում եմ`մեր համագործակցությունը լայնամասշտաբ է, այսօր  այդ հնարավորությունն է եղել` ելնելով նաեւ կադրային բանկից, վաղը հնարավոր է` շատ ավելի մեծ լինի, լինեն այլ ոլորտներ, որեւէ բան չի կարելի բացառել, բայց համագործակցությունը շատ ավելի լայն ու խորն է:  Դուք լրագրողներով փորձում եք կարեւոր հարցերը ստորադասել անկարեւորին:

Իսկ  Ձեր համար  կարեւորը պաշտոնները չե՞ն: Այդ դեպքում՝ ինչո՞ւ չեք համագործակցում առանց պաշտոններ ստանձնելու, առավել եւս, որ պնդում եք, որ այդ մի քանի պորտֆելով չեն սահմանափակվում ձեր համագործակցության ոլորտները, այլ ավելի լայն է լինելու:

Օրինակ, ո՞նց եք պատկերացնում ազդեցության ոլորտները, եթե Ձեր ասածով լինի: Առնվազն պետք է վերցնել նախարարության կանոնադրությամբ  ոլորտին վերապահված լիազորությունները տեսնել:

Վստահեցնում եք, որ  դաշնակցականի ու հանրապետականի տարբերությունը լավ առումով տեսնելո՞ւ է քաղաքացին:

Ես կարծում եմ` այո: Համենայնդեպս կտեսնեք, որ  Դաշնակցության առաջադրած կադրերը ամեն ինչ անելու են, որ դրական զարգացում լինի: