Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, որտեղից փետրվարի 13-ին հայտնաբերվել է չպայթած արկ, 1990-ական թ. եղել է  զինամթերքի պահեստ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը:

Նա նշեց, որ արկը տեսել են տարածքում խաղացող երեխաները, որոնք տեղեկացրել են մեծահասակներին: Գյուղապետի խոսքով,  առաջին անգամ է, որ տվյալ տարածքից արկ է հայտնաբերվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում փետրվարի 13-ին հայտաբերվել է արկ: 

ՀՀ ՊՆ սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: