Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին դանակի 30 հարվածով սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի քույրը ցանկանում է, որ քրոջը սպանելու մեջ մեղադրվող նրա նախկին ամուսինը օրենքի առջեւ պատասխան տալուց բացի Աստծո դատաստան տեսնի։

«Ըստ օրենքի ինչ պատժի էլ ենթարկվի, դա ինձ համար շատ քիչ է, ինձ համար շատ ավելի կարեւոր է ինքը ըստ արժանվույն Աստծո պատժին արժանանա, որ քրոջս հոգին խաղաղվի։ Ես որպես քույր եմ ասում, եթե Արտակի աչքերը հանեն, պաժառ էլ տան, գնդակահարեն էլ շատ քիչ է, որովհետեւ ինքը անմեղ մարդու կյանք է խլել, որի իրավունքը չուներ։ Սպանել է մի կնոջ, որը պայքարում էր, որպեսզի իր երկու անչափահաս երեխաները ապագա ունենան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը։

Անդրադառնալով Արտակի՝ ոստիկանությունում այն պնդումներին, թե նախկին կնոջը սպանել է խանդի հողի վրա, գնացել է խանութ, որտեղ Հեղինեն կար էր անում գումարի դիմաց, մեղադրել է անհավատարմության մեջ, Հեղինեն էլ ասել է՝ «լավ եմ արել»՝ Քրիստինե Դարբազյանն ասում է, որ ոչ ոք երբեք չի կարող ասել, թե նրանց միջեւ ինչ խոսակցություն է եղել, բայց վստահ է, որ քույրը որեւէ մեկի հետ կապի մեջ չի եղել։

«Նույնիսկ եթե եղել է, իրենք 5 ամիս միասին չեն ապրել, ո՞ր մի կինը պարտավորվածություն ունի իր նախկին ամուսնու առաջ։ Ասել է ինչ-որ թուրքի հետ ես, Հեղինեի նյարդերը տեղի են տվել, ասել է՝ լավ եմ արել, բայց Թուրքիա միասին են երկու անգամ գնացել, ոչ մի ակնթարթ իրարից բաժան չեն եղել, էդ ո՞նց դավաճանեց։ Իսկ էդ ում մասին ասել է՝ թուրք չէ, ազերի է, նա Հայաստան ոտք դնելու իրավունք չի ունեցել»,-ասաց Քրիստինեն։

Քրիստնիեն պատմեց, որ բաժանումից հետո էլ Արտակ Առաքելյանը ահաբեկել է նախկին կնոջը, ստիպել մարել իր պարտքերը։

Արտակը, Քրիստինեի խոսքով, այդ ժամանակահատվածում ակտիվորեն «պոկեր» էխաղացել։

Նշենք, որ Հեղինե Դարբազյանի սպանության գործի դատաքննությունը մեկնարկել է, սակայն արդեն երկու անգամ է՝ դատական նիստերը չեն կայանում, ինչը առաջացնում է տուժողի հարազատներին եւ նույնիսկ վկաներին։

Քրիստինեն, որը գործով վկա է եւ տուժողի իրավահաջորդ, նշեց, որ Հեղինեն սպանվելուց 5 ամիս առաջ է ամուսնալուծվել ամուսնուց։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա»տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: