Թուրքիայի խորհրդարանում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող հայ պատգամավոր Կարո Փայլանի եւ Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի բյուջեի հանձնաժողովի նիստում Կարո Փայլանը Աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուին ասել է, թե նրա կողմից իր կուսակցությանը սպառնալուց հետո իր կուսակցության 300 գրասենյակ է հրդեհվել Թուրքիայում։

Սա դուր չի եկել թուրք նախարարին եւ վեճը թեժացել է, որի ընթացքում թուրք նախարարը ասել է, թե PKK-ի ահաբեկիչներին HDP-ի գլխին են ջարդելու։ Կարո Փայլանը շատ խիստ է արձագանքել նախարարին՝ նշելով. «Չափերդ ճանաչիր, ես պատգամավոր եմ»։  Այս խոսքերից հետո նախարարը լռել է։