Դեռեւս  անցած տարվանից ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը  պատրաստել են մի նախագիծ, որտեղ ներկայացված է նոր ընտրական համակարգի վերաբերյալ իրենց միասնական մոտեցումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն` անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկներին: 

«Աժ չորս խմբակցություններով` ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» ու ԲՀԿ-ն նախորդ տարվա վերջին կազմակերպել էինք հանդիպումներ, ներկայացրել նախագիծ եւ ուղարկել փորձաքննության:  Բայց այդ նախագծին ավելի մանրամասն կանդրադառնանք, երբ նոր Ընտրական օրենսգրքի  քննարկման գործընթացը կսկսվի»-ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավորը:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այդ նախագծում ներառված են կրկնակի քվեարկությունը բացառող առաջարկները: «Մենք պիտի լրամշակենք այդ նախագիծն արդեն գործող Սահմանադրության համատեքստում եւ դրա բազայի վրա, հիմք ընդունելով սահմանադրական որոշակի պահանջները` նոր մոտեցում ենք ցուցաբերելու, որը դեռ հայտնի չէ` նախագծի,  թե քննարկման տեսքով է լինելու»:,-ընդգծեց Մարգարյանը: