Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 15-ի վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարից մահացած քննիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը ղեկին միայնակ է եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց Արարատի մարզի Բերքանուշ գյուղի գյուղապետ Մանվել Հայրապետյանը, որի համագյուղացին էր Վահե Ավետիսյանը:
«Առավոտյան աշխատանքի գնալիս է եղել, չգիտենք, թե ինչն է եղե պատճառը, որը բախվել է ծառին»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ իրենց իմանալով Վահե Ավետիսյանն առողջական խնդիրներ չի ունեցել:
Վահե Ավետիսյանը ամուսնացած էր, մեկ դուստր ունի՝ 2 տարեկան: Նա երկար տարիներ է՝ աշխատում է Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում՝ որպես հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ:
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում: «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Վահե Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել հաստաբուն ծառին, ինչի հետեւանքով Վ. Ա.-ը տեղում մահացել է:




























