2015թ. արձանագրվել է 15003 արտակարգ դեպք, որի հետեւանքով զոհվել է 442  եւ տուժել 9226 մարդ: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերի ցուցանիշներն աճել են 2097-ով, դեպքերի բազմությամբ աչքի են ընկել տեխնածին  արտակարգ դեպքերը, մնացածը սոցիալ –կենսաբանական արտակարգ դեպքեր եւ տարերային արտակարգ դեպքեր են եղել:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ տեխնածին արտակարգ դեպքերի հետեւանքով 386 մարրդ է զոհվել` հիմնականում ՃՏՊ-ների պատճառով:

«Հրդեհների եւ թունավորումների դեպքեր 2015 թ. նույնպես շատ են արձանագրվել` արտակարգ դեպքերի 95 տոկոսը: Գրանցվել է 6677 հրդեհ, որի հետեւանքով զոհվել է 92 եւ տուժել է 42 մարդ: 2014թ. համեմատ 2015թ. տուժածների քանակը նվազել է, հատկապաես շատ են եղել նաեւ բուսածածկ տարածքներում հրդեհները` 4000 ավելի հրդեհներ, զոհեր եւ տուժածներ չեն եղել, սակայն նյութական վնասներ են արձանագրվել»,-ասաց նա:

Հովհաննես Խանգելդյանի խոսքով, 2015թ. գրանցվել է թունավորման 3908 դեպք, որի հետեւանքով զոհվել է 43 եւ տուժել   4331 մարդ, թունավորումները հիմնականում եղել են քիմիական նյութերի պատճառով: