2016թ. հունվարին եւ փետրվարի առաջին կեսին տեղացած  առատ ձյան հետեւանքով հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 559 դեպք, 2080-ից ավելի մեքենաներ եւ շուրջ 7 հազար մարդ են անվտանգ տարածք դուրս բերվել: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

«Ձնագնաց եւ փրկարարական հատուկ միջոցներով կարողացել ենք քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն»,-ասաց նա:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ 2015թ. հանրապետությունում գրանցվել է սողանքների 3 դեպք, մինչդեռ 2014-ին այդ ցուցանիշը եղել է 3:

«Հայաստանը լեռնային երկիր է եւ շատ վտանգավոր քարաթափման եւ սողանքային հատվածներ կան: 500-ից ավելի սողանքային տարածքներ կան, որոնք, բարեբախտաբար ակտիվ չեն, դինամիկ շարժը քիչ է: Քարաթափման 52 դեպք է արձանագրվել, 4-ով աճել է անցած տարվա համեմատ»,-ասաց նա:

Պաշտոնյայի խոսքով, 2015 թվականն աչքի է ընկել նաեւ զինամթերքի հայտնաբերման դեպքերով: Մասնավորապես արձանագրվել է այդպիսի 234 դեպք, որոնցից 125-ը գրանցվել է մայրաքաղաքում: