Ռուսաստանի տնտեսությունը մինչեւ 2030թ. կաճի տարեկան 1.-1.3 տոկոսով։ Ընդհանուր առմամբ 15 տարում ՀՆԱ-ն կաճի 13 տոկոսով։ 2014թ. մակարդակի ՀՆԱ ցուցանիշին հնարավոր կլինի հասնել 2020թ.։

Այս մասին ասված է Ֆիննախի երկարաժամկետ կանխատեսման մեջ, հայտնում է «Վեդոմոստի»-ն։

Սա զարգացման իներցիոն սցենար է՝ առանց կառուցվածքային բարեփոխումների, նշել է ՌԴ Ֆիննախի ներկայացուցիչը։ Այդ կանխատեսման հիմքում ընկած է բարելի դիմաց 40 դոլար նավթի հաշվարկը։ Սա նախարարության ներքին հաշվարկն է, իսկ պաշտոնական երկարաժամկետ կանխատեսում այս պահին չկա։

Տնտեսությունը իներցիոն զարգացման տարբերակում միջինում կունենա տարեկան 0.8 տոկոս աճ։ Նավթ արդյունահանումը եւ արտահանումը 2016թ. կդադարի աճել։ Ապրանքների ներմուծման ծավալները տարեկան կմեծանան 3-4 տոկոսով։ Ընդ որում, ԿԲ-ն 2017թ. կհասնի նրան, որ գնաճը կկազմի 4 տոկոս, իսկ 2030թ.՝ 2.6 տոկոս։

Պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ երկարաժամկետ լճացման կանխատեսումը կարող է իրականանալ, սակայն ավելի հավանական է տարեկան 2-3 տոկոս տնտեսական աճ ենթադրող իրադարձություների զարգացումը։ Դա հնարավոր է նավթը բարելի դիմաց 50 դոլար արժենալու եւ կառուցվածքային բարեփոխումների դեպքում։ Դրանց հիմքում աշխատանքի արտադրողականության աճն է, որը առաջ կանցնի աշխատավարձի աճից։ Աշխատաշուկան պետք է ավելի ճկուն դառնա, իսկ աշխատողները՝ ավելի մոբիլ։ Այդ դեպքում 2018թ. ՀՆԱ-ի անկումը կդադարի, իսկ 2030թ. 44 տոկոսով կաճի։ Ռուսաստանցիների իրական աշխատավարձերը  2014թ. մակարդակին կհասնեն 2022թ.։