Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգեւատրման արարողությունը:
«Մեկ դար եւ ավելի...» խորագրով փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել եւ պարգեւներ է հանձնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
«Հայ ժողովրդի ներկայիս գոյությունը եւս մեկ ապացույց է, որ մենք հաղթել ենք պատմությանը եւ ցույց տվել, որ մեզ անհնար է բնաջնջել. մենք կանք եւ կլինենք»,-նշել է Մանուկ Մկրտչյանը՝ մրցույթի մասնակցության համար շնորհակալություն հայտնելով բոլոր աշակերտներին:
Ներկաներին ողջունել է նաեւ ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Քանի դեռ կա հիշողությունը, հիշողության ուժը, մենք չենք կարող հանգստանալ: Յուրաքանչյուրս պետք է հասկանա կարեւոր մի բան. ինչպես փոխանցել հիշողությունը, ինչպես փոխանցել պայքարի մղումը: Եղեռնից փրկված ազգը կարողացավ վերգտնել իր ուժը եւ 20-րդ դարի վերջին ստեղծել իր պետականությունը: Խորհրդանշականն այն է, որ 2015 թվականին կարողացանք հավուր պատշաճի իրականացնել հիշատակի արարողությունները, իսկ այս տարի պետք է նշենք ՀՀ 25-րդ տարեդարձը: Սա նույնպես պարտավորեցնող է»,-նշել է Հայկ Դեմոյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաեւ ՀՀ ԿԳՆ Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը:
Նշենք, որ մրցույթի մասնակիցներից ակնկալվում էր իմաստավորել անցյալը եւ պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հնարավոր էր նաեւ անդրադարձ Հայոց ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին եւ նրանց ստեղծագործություններին, գաղութների, մշակույթի եւ քաղաքական, մասնավորապես, Հայ Դատի պատմությանը, ինչպես նաեւ ապագայի մասին պատկերացումներին:
Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը` մրցույթին ներկայացվել են միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ խմբակային աշխատանք), որոնք նպաստում են կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
Մրցույթի առաջին փուլում ներկայացվել են Հայաստանի 97, Արցախի 5 եւ Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցների աշխատանքներ: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, եւ այլ օբյեկտներ:
Ընտրության արդյունքում ցուցահանդեսի են ներկայացվել Հայաստանի 40, Արցախի 3 եւ Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ եւ 8 օբյեկտներ:
Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել է 15 հաղթող, 16 հաստատություն արժանացել է խրախուսական, իսկ 8-ը՝ ակտիվ մասնակցության համար մրցանակների: Մրցույթ-փառատոնի անցկացման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնը:



























