Ստեփանակերտը Արցախի այցեքարտն է արտաքին աշխարհի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնյում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը եւ այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվում են քաղաքային տնտեսության անխափան աշխատանքն ապահովող տարբեր կառույցների եւ ստորաբաժանումների գործունեության մեջ, արժանի են համապատասխան գնահատականի:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքի զարգացմանը: Բակո Սահակյանը նաեւ կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ: