Անկարայի հետ տարաձայնությունները կարող են Սիրիայում հակաահաբեկչական ճակատի ստեղծման լուրջ խոչընդոտ դառնալ: Լրագրողներին նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Կարող է շատ նշանակալի խոչընդոտ դառնալ», - ընդգծել է նա` պատասխանելով այն հարցին, թե միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծման համար որքան լուրջ խնդիր կարող են դառնալ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները: 

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  «ուշադրություն է հրավիրել Սիրիայում համագործակցության` ոչ թե ուղղակի տեղեկությունների փոխանակման, այլ համագործակցության իրական մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության վրա»: «Այդ պատճառով առանց միասնական ճակատի շրջանակում համագործակցելու, հազիվ թե առիթ լինի խոսել ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի մասին», - ամփոփել է Պեսկովը: