Ադրբեջանն ուզում է Հայաստանում վախի մթնոլորտ սերմանել։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ԵԵԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին ադրբեջանամետ բանաձեւը նույնպես չի կարող ազդել հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, հավելել է նա։ Հարությունյանի խոսքով՝ պետք չէ սպասել, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կսկսի մտածել մեծամասշտաբ պատերազմի մասին։ Իհարկե, աշխարհաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ հակամարտությունները սրվելու միտում են ցուցաբերում, սակայն պետք է հաշվի առնել Ադրբեջանի տնտեսական խնդիրներն ու ադրբեջանցի զիվորների բարոյական վիճակը։ «Իսկ այն լավ վիճակում չէ։ Այդ պատճառով էլ Բաքուն փորձում է հասնել նրան, որ Հայաստանում նույն վիճակը տիրի»,- նշել է նախկին նախարարը։

Հիշեցնենք, որ հունվարին ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։