Հայաստանում մանկատան մոտ 220 սաներ բնակարան են ստացել։ Այս մասին փետրվարի 15-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի վերաբերյալ իրազեկման նպատակով առաջին գիտաժողովի շրջանակում լրագրողներին  ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ երեխաները չպետք է զրկված լինեն ընտանիքից բացառապես աղքատության պատճառով։ «ԵՄ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ համագործակցությունը կշարունակվի։ 1993թ. Հայաստանը վավերացրել է  ՄԱԿ երեխաների իրավունքների կոնվենցիան եւ պարտավորություն է ստանձնել անել ամեն բան երեխաների իրավունքների պաշտպանության համար, որպեսզի մեր երեխաները խնամք ստանան առաջին հերթին ընտանիքներում»,- ընդգծել է նախարարը։

Արտեմ Ասատրյանը նշել է ենթակառուցվածքների զարգացման կարեւորությունը, որոնք թույլ կտան երեխաների համար համապատասխան խնամք ապահովել։ «Ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ տեղական քաղաքացիական կազմակերպությունների հետ նախարարության համագործակցությունը իրականացվում է բավական լավ հիմքի վրա»,- ասել է Ասատրյանը։