Լիբանանի կառավարությունը որոշել է աղբն արտահանել երկրի սահմաններից դուրս, հաղորդում է Yalibnan պարբերականը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին: Ենթադրվում է, որ աղբը կոչնչացվի Ռուսաստանի աղբակիզման գործարաններում:
Վերակառուցման եւ զարգացման խորհրդի ղեկավար Նաբիլ Ալ-Ջիզրը հայտնել է, որ աղբը վերամշակման համար Ռուսաստան ուղարկելը Լիբանանին 6 ամսում 50 մլն դոլար կարժենա: Հաղորդվում է, որ աղբի արտահանմամբ կզբաղվի բրիտանական Chinook Urban Mining International ընկերությունը:
Գործակալությունը նշում է, որ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրը հերքել է լիբանանյան աղբը Ռուսաստան ուղարկելու հնարավորությունը` վկայակոչելով նման մեծ հեռավորության վրա տեղափոխման բարձր գինը:
Հունվարին հաղորդվել էր, որ Սիերրա Լեոնեն պատրաստ է ընդունել Լիբանանի աղբը, տեղեկացնում է Gazeta-ն:



























