ԼՂՀ զինված ուժերը չեն կրակում քաղաքացիական անձանց, առավել եւս՝ երեխաների վրա։ Այս մասին հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով 11-րդ դասարանի աշակերտի վիրավորման մասին ադրբեջանական մամուլի հրապարակումները։

«Դա հերթական ապատեղեկատվությունն է։ Լեռնային Ղարաբաղի ԶՈւ-ն չի կրակում քաղաքացիական անձանց, առավել եւս՝ երեխաների վրա։ ԼՂՀ Պաշտպանության բանակը հակված է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ պատասխան գործողությունների է դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- ընդգծել է Սենոր Հասրաթյանը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղում վիրավորվել է 1999թ. ծնված 11-րդ դասարանի աշակերտ Ջոշքուն Մամեդովը, որը 2 հրազենային վիրավորում է ստացել ոտքին եւ ձեռքին։