Եվրահանձնաժողովն իրեն հարց է տալիս  ընդհանուր առմամբ «Հյուսիսային հոսք-2»-ի անհրաժեշտության վերաբերյալ, ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեւչովիչը` ելույթ ունենալով փարիզյան համաժողովին: 

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է  55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի երկու  գծի շինարարություն ՌԴ առափնյա հատվածից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա:  «Գազպրոմին» կպատկանի հատուկ ստեղծված Nord Stream-2 AG ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, եվրոպական  BASF, E.On, Engie, OMV, Shell ընկերությունները նախագծում 10 տոկոս կունենան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԵՀ-ի փոխնախագահը նշել է, որ մի կողմից այդ նախագիծն առեւտրական են կոչում:  «Իմ կողմից նշեմ, որ երբեք չեմ տեսել այնպիսի առեւտրական նախագծեր, որոնք այսքան ակտիվորեն քննարկվեն քաղաքական մակարդակում», — ասել է նա համաժողովին, որը հեռարձակվում է համացանցով:  

«Ինչո՞ւ դեկտեմբերյան անցյալ գագաթնաժողովում ԵՄ-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով մենք այդքան երկար բանավեճ ունեցանք այդ հարցի շուրջ:    Որովհետեւ այդ նախագիծը բազմաթիվ քաղաքական հարցեր է առաջ բերում: Այն ինչպե՞ս կազդի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վրա:  Ինչպիսի՞ն կլինի Եվրոպայում գազի ընդհանուր հաշվեկշիռը:  Մեզ պե՞տք է այդ նախագիծը, եթե նկատի առնենք Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանման չափազանց մեծ հզորությունների առկայությունը», —  «Հյուսիսային հոսք-2» նախագծին վերաբերող մի շարք հարցեր է թվարկել Շեւչովիչը:

Նախագծի դեմ ակտիվորեն հանդես է գալիս Ուկրաինան, որը դրա իրականացման դեպքում կկորցնի Եվրոպա ռուսական գազի տարանցման տարածքի իր դերը:  Բացի այդ, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Հունգարիան եւ Սլովակիան անցյալ տարվա վերջին նամակ ուղարկեցին Բրյուսել, որտեղ քննադատում էին նախագիծը` հայտնելով, որ այն կարող է մեծացնել ՌԴ-ի գազից Եվրոպայի կախումը, թուլացնել Կենտրոնական Եվրոպայի եւ ԵՄ-ի երկրների էներգաանվտանգությունը, հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի հետագա անկայունացման:   

Եվրահանձնաժողովն առայժմ մինչեւ վերջ չի ձեւավորել նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: