«Թուրքական հոսքը» երբեք լուրջ բիզնես նախագիծ չի եղել։ Ժամանակին այն հայտնվել էր օրակարգում որպես հակաուկրաինական նախաձեռնություն եւ Թուրքիային ուղղված ժեստ։ Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Անկարայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող, փորձագետ Բուրջու Գյուլթեքին Փունսմանը։
Անդրադառնալով էներգետկայի ոլորտում ռուս-թուրքական նախագծերի, մասնավորապես «Թուրքական հոսքի» ապագայի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Փունսմանը նշել է. «Ինձ հետաքրքրում է, թե կարող է արդյոք «Գազպրոմը» բավարար միջոցներ գտնել նախագծի առաջխաղացման համար։ Ամենակարեւոր նախագիծը «Աքքույու» ատոմակայանի շինարարությունն է։ Եվ ճգնաժամի գագաթնակետի ժամանակ ոչ ոք դրանից չէր խոսում։ Իհարկե սեղանին մեծ շահեր են դրված, եւ Ռուսաստանն արդեն 2 խոշոր ներդրում է կատարել։ Անձամբ ես չէի տխրի, եթե «Աքքույու» նախագիծը չեղարկվեր, ես վստահ չեմ, որ Թուրքիան առհասարակ ատոմային էներգիայի եւ հատկապես ռուսական տեխնոլոգիաներով կառուցած ատոմակայանի կարիք ունի՞, ՞թե ոչ»:
Նշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության էին եկել «Թուրքական հոսք» գազամուղի իրացման հարցում: Գազատարը, որի հզորությունը պետք է կազմի տարեկան մինչեւ 32 մլն խ/մ, պլանավորվում է գցել Սեւ ծովի հատակով՝ Անապայից դեպի Թուրքիա: Թուրք-հունական սահմանին պլանավորվում է գազային հանգույց կառուցել, որով գազ կմատակարարվի Եվրոպա:


























