Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 600 հազար դրամով տուգանել է Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկին՝ սահմանադրական հանրաքվեի օրն ուրիշների փոխարեն քվեարկելու համար: Դատարանից NEWS.am-ին տեղեկացրին, որ վճիռը հրապարակվել է այսօր՝ փետրվարի 15-ին:

Նշենք, որ գործով արագացված դատաքննություն էր ընթանում:

Ըստ մեղադրանքի՝ Անահիտ Աթայանը, հանրաքվեի օրը, հանդիսանալով Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցում տեղակայված 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, տեղամասի ընտրողների մատյանում Երեւան քաղաքի Ավան 3 փողոցի թիվ 33 տանը հաշվառված Մարինե Սրապիոնի Վարդանյանի և Նաիրա Վաչագանի Առուստամյանի տվյալների դիմաց գրառել է նույնականացման քարտերի կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնքել է իրեն հատկացված ՙԱ-53287՚ կնիքի դրոշմով, ապա 2 քվեաթերթիկները գցել է քվեատուփի մեջ: