Սիրիայի սահմանին Թուրքիայի գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս այս հարցերը բարձրացրել ենք ՄԱԿ ԱԽ-ում եւ Վիեննայի խմբում մեր ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայի սահմանին, բացարձակապես անթույլատրելի է»,- ասել է RT-ի եթերում։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանելու է ՄԱԿ ԱԽ ներկայացրած Սիրիայի բողոքը եւ պահանջելու է քննել այդ հարցը։

Նշենք, որ փետրվարի 13-ին Թուրքիան հրետակոծել էր Միննեհ ավիաբազայում քրդական ինքնապաշտպանական ուժերը։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա համարել էր Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցության ստորաբաժանումների կողմից հնչող սպառնալիքներին պատասխան քայլ։