Ակտիվների կոնսոլիդացիայի արդյունքում Շերեմետեւո օդանավակայանի հիմնադիր կապիտալում պետության մասնաբաժինը 31,56 տոկոս կկազմի, մասնավոր սեփականատերերի մասնաբաժինը, որոնց ներկայացնում է «Շերեմետեւո Հոլդինգը» (TPS Avia Holding-ի միջոցով, որը պատկանում է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին եւ Ալեքսանդր Պոնոմարենկոյի եը Ալեքսանդր Սկորոբոգատկոյի ընտանիքներին), կկազմի 68,44 տոկոս: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության փետրվարի 11-ի կարգադրության մեջ:
Ինչպես նշում է Forbes-ը, փետրվարին Ռոսիմուշչեստվոյի կողմից ներկայացված ապագա բաժնետիրական համաձայնագրի հիմնական պարամետրերի համաձայն, պետությունը իրավունքներ կստանա` «Շերեմետեւոյի օդանավակայան» ԲԸ-ի եւ «Շերեմետեւոյի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի կառավարման նկատմամբ:
Բացի այդ, Ռուսաստանը ընտրանք կունենա միացյալ ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերը մասնավոր բաժնետիրոջը վաճառել հետեւյալ երկու գնից որեւէ մեկով. շուկայական արժեքին 25 տոկոս հավելավճարով` շուկայական կոնսոլիդացիայի համար կամ էլ ընտրանքի իրացման պահին շուկայական արժեքով գումարած 10 տոկոս հավելավճար:
Շերեմետեւոյի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Շերեմետեւոյի օդանավակայանի ենթակառուցվածքներում ոչ պետական բաժնետիրոջ ներդրումների ծավալը կկազմի 840 մլն դոլար: Մասնավորապես, նոր B տերմինալի համար նախատեսված է 300 մլն դոլար ներդնել, միջտերմինալային անցման համար` 330 մլն դոլար, նոր վառելիքալիցքավորման համալիրի` 150 մլն դոլար, նոր բեռնային համալիրի` 60 մլն դոլար:
Մասնավոր ներդրողների կողմից իրենց պարտավորությունների խախտման դեպքում պետությունը կկարողանա իր բաժնեմասը նրանց վաճառքի ներկայացնել այդ մասնաբաժնի շուկայական արժեքին 50 տոկոս հավելավճարով: Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Ռոսիմուշչեստվոն, էական բացասական փոփոխությունների դեպքում (պատժամիջոցների սահմանում, սակագնային կարգավորման առկայություն) ՌԴ-ն իրավունք չի ունենա ընտրել հաշվարկման նշված կարգը:



























