Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչների 90 տոկոսը 2015թ. դեկտեմբերի 30-ին եւ 31-ին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետեւանքով հայտնվել է անելանելի վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում Արաքսի բնակիչներից Քնարիկ Յակուտյանը նշեց, որ ձյունը վնասել է գյուղացիների վարկով սարքած ջերմոցներն ու փչացրել ջերմոցներում եղած կանաչու բերքը, իսկ գյուղացիներն ի վիճակի չեն դրանք վերանորոգել, որպեսզի կարողանան լոլիկ ու վարունգ աճեցնել գարնանը վաճառելու համար:
«Վարկով էինք սարքել էդ ջերմոցները` մի ջերմոցը մոտ 270 հազար դրամ արժեր, վարկով սերմ էինք գնել, որոնք այդպես էլ չօգտագործվեցին: Այսօր փաստի առաջ ենք կանգնել, չգիտենք, թե ինչպես ենք փակելու վարկը, երբ բերք չունենք, որ վաճառենք, ոչ էլ փող ունենք, որ ջերմոցները վերանորոգենք: Դիմել էինք կառավարությանը, որ մեզ օգնեն, գոնե մեկ տարով մեր վերցրած վարկերը սառեցնեն, դա էլ չարեցին, չգիտենք` ինչ ենք անելու, ահավոր վիճակում ենք»,-ասաց նա:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Արաքսի գյուղապետ Ավագ Թորոսյանը նշել էր, որ խնդրի մասին արդեն տեղյակացվել է Արմավիրի մարզպետարան, որտեղից խոստացել են այդ հարցը քննարկել կառավարության հետ եւ ինչ-որ լուծում գտնել, սակայն մինչեւ այսօր դեռ ոչ մի նորություն չկա:



























