Ձկնային տնտեսություների համար ջրի ծախսի մասնաբաժինը 1 կգ ձկան համար կազմում է ընդամենը 24 դրամ (1500-2000 դրամ մանրածախ գնի պարագայում - խմբ.): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բնապահպան-իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ արտեզյան ջուրը, որն օգտագործում են ձկնաբույծները, արժե 0.5 դրամ՝ 1 խ.մ.-ի համար (իսկ մինչեւ 2013 թվականի վերջն արժեր ընդամենը 0.05 դրամ): Ֆերմերները ջրի 1 խ.մ.-ի համար վճարում են 11 դրամ: Ամեն դեպքում, ձկնաբույծներն ընդգծում են, որ իրենց համար ջուրը 10 անգամ թանկացել է՝ ազդելով բյուջեի վրա: Իսկ ջրի համար ծախսում են ոչ թե 24, այլ 160 դրամ՝ 1 կգ ձկան համար:
Ասոցիացիան 24 դրամ գումարը ստացել է՝ վերցնելով արտեզյան ջրի հավաքման վիճակագրական տվյալներն ու բաժանելով աճեցրած ձկան ծավալի վրա (48 խ.մ. ջուր՝ 1 կգ-ի համար):
Նկատենք, որ այս թիվը քիչ թե շատ համընկնում է միջազգային գնահատականների հետ: Ջրային կուլտուրաների համար ջրի շրջանառության համակարգերի գծով մասնագիտացած դանիական AcquaCircle ընկերության տվյալների համաձայն, ավանդական ավազաններում աճեցման դեպքում 1 կգ ձկան համար 40-50 խ.մ. ջուր է անհրաժեշտ:
Ձկնաբույծների նշած 160 դրամի դեպքում սպառումը պետք է կազմի 320 խ.մ.: Դանիական փորձագիտական թվերի դեպքում հարկ է լինում մտածել նման գնահատականի իրատեսականության շուրջ:
Եթե ինչ-որ մեկը թղթի վրա ավելի քիչ ձուկ է ներկայացնում, ջրին ուշադրություն չեն դարձնում (հենց էժանության պատճառով): Հենց այստեղ էլ հայտնաբերվում է հնարավոր անհամապատասխանությունը:




























