11-ամյա տղան, որը փետրվարի 13-ին ընկել էր երեւանյան սրճարաններից մեկի երկրորդ հարկից, դեպքի մասին չի հիշում: Նրա հայրը՝ Արայիկ Ջրաղացպանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցուփորձ անելով իմացել են, որ տղան սայթաքել ու ընկել է:

«Նախքան այդ իջել, ձների մեջ խաղացել են, կոշիկների տակ թաց է եղել: Աստիճանների վրա կանգնած է եղել՝ հենված ճաղավանդակին, ոտքերը սայթաքել են առաջ, մարմնի մեծ մասը հետ է քաշել իրեն ու մոտ 3 մետր բարձրությունից ընկել է»,- ասաց Արայիկ Ջրաղացպանյանը:

Տղայի հայրը ասաց, որ բողոք չունեն սրճարանի դեմ, հիմա իրենց համար ամենակարեւորը՝ որդին ապաքինվի:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 13-ին Երեւանի մանկական սրճարաններից մեկում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից եւ վնասվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Նրան վիրահատել էին, վիճակը կայունացել է:

Նա մասնակցելիս է եղել ընկերոջ ծննդյան տոնին: