Վարդգես Գասպարիի նկատմամբ հալածանքը եւ ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2016 թ. փետրվարի 15-ին ոստիկանությունը, ապօրինի կերպով ներգրավելով շտապ օգնության ծառայությանը, ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին շտապ օգնության ավտոմեքենայով բռնությամբ տարել է դատարան:

Վարդգես Գասպարիին դատարան տանելու գործողությունը հերթական անգամ ուղեկցվել է նրա նկատմամբ ընդգծված անհարգալից վերաբերմունքով՝ ըստ էության վերածվելով ծաղրուծանակի:

Մարդու եւ քաղաքացու ազատությունը եւ արժանապատվությունը ոտնահարելու հարցում ոստիկանության եւ շտապ օգնության ծառայության համագործակցությունը ոչ միայն անօրինական է, այլեւ եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետական մարմիններն ու հաստատությունները միայն ձեւականորեն են տարանջատված եւ իրականության մեջ նույն հանցավոր համակարգի բաղադրիչներն են:

Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի՝ որպես իրավատեր ու պայքարող քաղաքացու տեսակի դեմ համակարգված հալածանքը եւ ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ ապազգային ու հանցավոր վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է եւ առնվազն ուղղորդված է այդ վերաբերմունքն արտահայտող ոստիկանության պետի մակարդակով:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ն իր զորակցությունն է հայտնում ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին, իսկ վարչախմբին եւ նրա կամակատար ոստիկաններին հիշեցնում է օրենքի ու դատարանի առջեւ վերահաս պատասխանատվության անխուսափելիության մասին»: