ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վահան Շիրխանյանի կնոջ՝ Պ. Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանությունից Երեւանի քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ.Շիրխանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա.Ալեքսանյանն է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կինը, որը նախօրեին վրաերթի էր ենթարկվել, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր կայուն է:
Նշենք, որ Վահան Շիրխանյանին եւս փետրվարի 15-ին կալանավայրից տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հետազոտության, որից հետո, ամենայն հավանականությամբ, ՊՆ նախկին տեղակալը ստացիոնար բուժում կստանա քաղաքացիական հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























