Հակառակորդի հրետակոծության հետեւանքով անցած տարվա դեկտեմբերի 5-ին ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանն այս պահին վերականգնողական բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վարազդատ Խաչատրյանն այս պահին տանն է, չի բացառվում, որ նորից վիրահատության ենթարկվի»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետը նշեց, որ այժմ ամեն ինչ արվում է, որ զինծառայողը քայլելու հետ կապված խնդիր չունենա: Նշենք, որ Վարազդատ Խաչատրյանի ոտքի մեջ բեկորներ են մնացել:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
Օրեր անց Խաչատրյանը տեղափոխվել էր Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն, ապա հոսպիտալ:





























