ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի վաղը՝ փետրվարի 17-ին: Ըստ NEWS.am-ի աղբյուրների` վաղը տեղի կունենա համաձայնագրի քաղաքական մասի հրապարակումը, իսկ արդեն հաջորդ քառօրյայում կմեկնարկի, այսպես ասած, իրավական հատվածը, այն է` պաշտոնների բաշխումը:
Իշխանության ներկայացուցիչը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության առանձնացման նախագիծն է այս օրերին պատրաստվում է, որը կներկայացվի Ազգային ժողով հաջորդ շաբաթվա քառօրյային: Այն հաստատվելուց հետո միայն դաշնակցական Դավիթ Լոքյանը կզբաղեցնի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:
Այս պահի դրությամբ անփոփոխ են դաշնակցությանը տրվող պորտֆելներն ու թեկնածուները: Էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Արծվիկ Մինասյանը, Կրթության եւ գիտության նախարարությունը` Լեւոն Մկրտչյանը: Անփոփոխ են նաեւ ՀՅԴ-ին տրվող մարզերի ընտրության հարցը` Արագածոտն եւ Շիրակ:
Իշխանական օղակներից այս երկու մարզի ընտրությունը պայմանվորում են հետեւյալ հիմնավորուներով: Շիրակում ԲՀԿ-ական տրամադրությունները վերջին տարիներին բարձր են եղել, Դաշնակցությանը տալով` փորձում են չեզոքացնել ԲՀԿ-ի ձայները: Իսկ Արագածոտնի մարզը դաշնակցականներին է ձեռնտու, այստեղ հնուց ի վերջ դաշնակցական օջախներ կան, որոնց պետք է կյանք, աշխուժություն հաղորդել:
Այսպիսով`ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրման ձգձգումը տեխնիկական հարցերով է պայմանավորված եղել, որն արդեն վաղը կհանգուցալուծվի: Ձգձգման վերաբերյալ ՀՀԿ-ում ու ՀՅԴ-ում պաշտոնապես խուսափում են մեկնաբանություններ տալ:
NEWS.am-ի հարցին, թե որն է համաձայնագրի ստորագրման ձգձգման պատճառը, որը նախատեսված էր անցած շաբաթվա վերջին եւ այդպես էլ տեղի չունեցավ, Արծվիկ Մինասյանը կարճ պատասխանեց. «Ես որեւէ տեղեկատվություն չունեմ այդ մասին»:




























