Եթե որեւէ պետական կամ մասնավոր կազմակերպությունում անվտանգության նկատառումներով տեղադրված տեսախցիկների միջոցով ձեռք բերված մարդկանց անձնական տվյալներն օգտագործվում են այլ նպատակով, ապա դա օրենքի խախտում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
«Եթե օրինակ դրված է տեսախցիկը, որ կանխվի պատճառվող վնասը, պետք է այդ նպատակով օգտագործվի: Դա չի կարող օգտագործվել, օրինակ, աշխատանքից ուշացած աշխատակիցներին կարգապահական տույժի ենթարկելու համար: Իսկ եթե տեսախցիկը տեղադրվել է նրա համար, որ հետեւեն՝ աշխատակիցները ճիշտ ժամանակին են գալիս, թե ոչ, պարտադիր պետք է դրա մասին աշխատակիցները պատշաճ իրազեկված լինեն»,- ասաց նա:
Շուշան Դոդոյանի խոսքով՝ անձնական տվյալների պաշտպանության եւ օգտագործման առումով մյուս անհանգստացնող հարցը բջջային եւ քաղաքային հեռախոսահամարները տարբեր կազմակերպություններ կողմից մարքեթինգի նպատակով օգտագործելն է: Նրա խոսքով՝ անօրինական է, երբ հեռախոսահամարներն օգրագործվում են գովազդային նպատակներով, հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ են գալիս տարբեր միջոցառումների, զեղչերի մասին:
Նա նշեց, որ իրենց գործակալությունը մշակում է ուղեցույց, որը լուծում կտա այս խնդրին:
«Տարբերակներ ենք առաջարկել, որ, օրինակ, քաղաքացուն պետք է հնարավորություն տրվի հավաքել ինչ-որ համար եւ դուրս գալ այդ ցանկից, այլեւս նման հաղորդագրութուններ կամ զանգեր չստանալ: Մեկ այլ տարբերակ էլ կա, որն ավելի զարգացած է եւ ընտրելու հնարավորություն է տալիս. քաղաքացին ըստ ոլորտների ընտրում է, թե ինչ տեսակի հաղորդագրությունները ստանա»,- ասաց նա՝ նշելով, որ այս տարբերակները շուտով կօգտագործվեն:
Երրորդ՝ ամենաանհագստացնող հարցը, ըստ գործակալության, ընտրողների ռեգիստրում մարդկանց տվյալերի բաց տեղադրված լինելն է: Դա օրենքի խախտում է, թե ոչ, գործակալությունը դեռ քննարկում է: Դրա վերաբերյալ նույնպես առաջիկայում ուղեցույց կմշակվի:




























