ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործով դատաքննությունը շարունակվում է։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարո Կարապետյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ փետրվարի 17-ին կայանալիք դատական նիստում շարունակելու են ապացույցների հետազոտումը։

«Վերջին երկու նիստերին պաշտպանական կողմը չի ներկայացել, այդ պատճառով էլ ձգձգվում է դատաքննությունը, եւ դեռ վաղ է ասել, թե երբ դատաքննությունը կավարտվի»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը։

Նշենք, որ գործը վերաբացվել է 2014-ի մարտին։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին եւ  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել:

Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել միայն 2014թ․ հուլիսին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57 հազար 6 հարյուր ԱՄՆ դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։