ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոնիտորինգային հանձնաժողովի անդամները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ զեկույց են ներկայացրել՝ հղում կատարելով իրենց նախկին փաստաթղթերին: Այսօր՝ փետրվարի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցին՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:

«Եվ ԵԱՀԿ-ի, եւ ԵԽԽՎ-ի առաքելությունները Հայաստանում կարճատեւ են եղել եւ հնարավորություն չեն ունեցել՝ մանրամասն ծանոթանալու, լինելու բոլոր տեղամասերում: Դա է պատճառը, որ ըստ էության հղում են կատարել իրենց նախկին փաստաթղթերին եւ այն թերություններին, որոնք եղել են նախկինում: Պետք է նշել, որ մենք ճանապարհ ենք անցնում դեպի առավել ժողովրդավարական երկիր, մենք էական քայլեր ենք կատարել եւ կատարում ենք մեզ համար, ոչ թե ԵԱՀԿ-ի կամ ԵԽԽՎ-ի համար»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ զեկույցում ներկայացված թերությունների վրա իրենք աշխատում են եւ փորձում են վերացնել դրանք:

Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանրաքվեի ընթացքում տեղ գտած մի շարք լուրջ թերություններ էր նշել, այդ թվում ուռճացված ընտրացուցակները: