Ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին եւ մեծ ցանկություն ունեին իրենց հետաքրքրող հարցերը տալ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին: Այս մասին MEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով Արման Թաթոյանի ՀՀԿ խմբակցության հետ այսօրվա ունեցած հանդիպման անհրաժեշտությանը:
«Բազմաթիվ պատգամավորներ հարցեր ունեին ու պետք է տային ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին, նա անկեղծ պատասխանեց բոլորի հարցերին, եւ պատգամավորները հստակ պատասխաններ ստացան մեր խմբակցության կողմից առաջադրված թեկնածուից»,-ասաց Գագիկ Մելիքյանը:
Մեր հարցին, թե անկաշկանդ գործելու, իշխանության ճնշումներին դիմադրելու վերաբերյալ հարցեր հնչեցի՞ն, Մելիքյանը պատասխանեց. «Նման ճնշումներ չկան, որովհետեւ ՄԻՊ թեկնածուն գործելու է նոր Սահմանադրության եւ դրան համապատասխանեցված օրենքի շրջանակում, որը քննարկման կդրվի ու կընդունվի: Այնպես որ ՄԻՊ ընտրվելիք թեկնածուն պետք է գործի միմիայն օրենքի շրջանակներում:
Նշենք, որ Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններին, պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:




























