Թուրքիան փորձում է Սիրիական ճգնաժամում ներգրավել ՆԱՏՕ-ին, ցույց տալով, թե դա կապ ունի Դաշինքի հետ հարաբերությունների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունները կարող են էլ ավելի վատթարանալ այն բանի պատճառով, ինչ տեղի է ունենում Սիրիայում: «Էրդողանը ցույց տվեց, որ ունակ է բավական կտրուկ քայլերի, բայց ցանկացած դեպքում՝ այն սիրիական հակամարտության շրջանակներից դուրս չի գա»,-ընդգծել է Իսկանդարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա, քաղաքապետը պատասխանել է, որ հայկական քաղաքականության կարեւորագույն հատկությունն է առաջ չընկնել առաջ եկած խնդիրներից: «Հիմա դա լավ է, որովհետեւ տուրբուլենտության պայմաններում կտրուկ քայլեր կատարելը երբեմն վտանգավոր է լինում: Դա ունի իր իմաստը: Հայաստանը պետք է պահպանի կոմպլեմենտարիզմը եւ աշխատի բոլոր ուղղություններով»,-հավելել է Իսկանդարյանը:



























