2016թ. հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 447,1 մլն դրամ։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։ Սպառողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։

Անցած վեց ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,9 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 3,7 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։  

Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին եւ մինչեւ 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը։