Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Անուշ Տեր-Մինասյանին:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տնօրենին այսօր՝ փետրվարի 16-ին, ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել  փոխնախարար Արամ Բադալյանը: 

Արամ Բադալյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման եւ կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար, վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ եւ գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին եւ համակազմին:

Թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն իր հերթին վստահեցրել է, որ ճարտարապետության թանգարանն իր համար հարազատ վայր է եւ ստանձնելով ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, աշխատելու է համագործակցաբար՝ հենվելով նախորդ շրջանի փորձի վրա:

Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային եւ Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն, արդյունքում ձեւավորելով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը»:

Այդ կերպ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա եւ մշտական ցուցադրություն եւ միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ եւ մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու դահլիճ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն: