Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանում հունվարի 6-ի կեսգիշերին հնչած կրակոցներից վիրավորված՝ Տարոնիկի գյուղապետ 35-ամյա Արմեն Խլղաթյանն արդեն վերադարձել է աշխատանքի:
«Արդեն լավ եմ, վերադարձել եմ աշխատանքի, չնայած դեռեւս լավ չեմ կարողանում քայլել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրազենային վնասվածք ստացած գյուղապետը:
Թե ինչ է տեղի ունեցել հունվարի 6-ին եւ ինչու էր հայտնվել ռեստորանում, Արմեն Խլղաթյանը չցանկացավ խոսել՝ հորդորելով այս հարցերով դիմել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում հնչած կրակոցներից մահացել էր Տարոնիկի 22-ամյա բնակիչ Արամ Կարապետյանը, իսկ գյուղապետ Արմեն Խլղաթյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախնական քննության տվյալներով՝ Ա.Կարապետյանն սպանվել է վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկի՝ 31-ամյա Ա.Բաբայանի կողմից հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Հունվարի 7-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Բաբայանը գտնվում է հետախուզման մեջ: Գործով մեղադրյալներ են ներգրավվել նաեւ Ս. Թովմասյանը, Խ. Խաչիկյանը եւ Ա. Պառավյանը:
Մյուս մեղադրյալներ Դ. Հասրաթյանը եւ Գ. Գրիգորյանը, որոնք ցուցմունք են տվել, որ դեպքի օրն իրենց ընկեր Արթուրի կանչով գնացել են նշված ռեստորանային համալիր։ Որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ նշված համալիրում իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչի հետեւանքով ստացել են կոտրվածքներ։ Դ.Հասրաթյանի եւ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:



























