Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել անցած տարվա դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած գողության մասին:
Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը հիվանդանոցի առաջին հարկում բռնակից կախված պայուսակից հափշտակել է դրամապանակ, որտեղ եղել է կանխիկ գումար, նույնականացման քարտ եւ բանկային քարտեր՝ պատճառելով քաղաքացուն զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է մի անծանոթ երիտասարդ, որը մուտք է գործել հիվանդանոցի նշված տարածք։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ նրա ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն լուսանկարներում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:






























