2015-ին 719 առաջին կուրսեցի պետության կողմից ուսման վարձավճարի 50-100 տոկոսով փոխհատուցում է ստացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ կառավարությունում 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել են հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Կոտայքի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի շուրջ 33 հաստատությունում իրականացվել են շինարարական աշխատանքներ` նախադպրոցական կրթության նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով, որը հնարավորություն կտա ընդգրկել մոտ 1450 երեխա: Բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցու պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100 տոկոսի ափով փոխհատուցում, որը կազմել է ավելի քան 496 մլն դրամ: 2015-2016 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել է 1379 ուսանողի ուսման վարձը` գրեթե 307 մլն դրամի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ շարունակվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպության» կարգավիճակ ունեցող ՀՀ պետական բուհերի «Հիմնադրամի» վերակազմակերպման հարցը: Ներկայում 16 պետական բուհերից 5-ն ունեն «Հիմնադրամի» կարգավիճակ: 2015-ին իրականացվել է դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովելու համակարգի ընդլայնման գործընթացը: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 12 հազար աշակերտ, որից 2 հազար 386-ը` ՀՀ Վայոց ձորի մարզից, 6 հազար 52-ը` Սյունիքի, 13 հազար 618-ը` Արարատի մարզից: Ռոբոտատեխնիկայի զարգացման նպատակով հանրապետության 47 հանրակրթական ուսումնական հաստատությունում ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ:
Իր հերթին, Սամվել Հարությունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում ԳՊԿ առջեւ դրված բոլոր խնդիրներն ու գերակա ծրագրերը կատարվել են: ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ շուտով կկնքվի Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը, որպես ծրագրի լիիրավ մասնակից, կինտեգրվի Եվրոպական գիտական տարածք, ինչը հայ գիտնականներին թույլ կտա մասնակցել եվրոպական ծրագրերին եւ դրամաշնորհային մրցույթներին:
Ամփոփելով վարչապետ Աբրահամյանը ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտների զարգացումը կառավարությունը դիտարկել ու դիտարկում է գերակայություն: Վարչապետն առանձնացրել է 2015 թ.-ի ընթացքում կրթության եւ գիտության ոլորտում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԿԳՆ-ի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական ծրագրում, ինչի արդյունքում ցեղասպանության թեման եվրոպական մի շարք երկրներում ընդգրկվել է բուհական եւ դպրոցական կրթական ծրագրերում: Վարչապետը կարեւորել է 2015թ. հայ դպրոցականների արձանագրած աննախադեպ ռեկորդային հաջողությունները միջազգային օլիմպիադաներում (21 մեդալ): Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ 2015թ. Երեւանում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի անցկացումը, ինչպես նաեւ Երեւանի՝ համաեվրոպական կրթական մայրաքաղաք հռչակվելու փաստը: Խոսելով 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում ներդրված նոր առարկաների մասին՝ վարչապետը դրանցից հատկապես կարեւորել է «Միկրոէլեկտրոնիկա»-ի ներդրումը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ 2015թ. պետության սոցիալական ծրագրերը բարձրագույն կրթության համակարգում ընդլայնվել են. մասնավորապես պետության կողմից բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող հազարավոր ուսանողներ օգտվել են պետական աջակցության ծրագրերից, ինչը եւս կարեւորագույն սոցիալական խնդիր է լուծել: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր է իրականացվել նաեւ մարտական հերթապահություն իրականացրած բանակից զորացրված ուսանողների համար:
Դրական գնահատելով կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջեւ դրված խնդիրները, կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:



























