Ոստիկանության օպերլիազորի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր Ժորա Հակոբյանը, Մասիս քաղաքում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել Թադեւոս Մանուկյանին եւ Հենզել Կարեյանին: Բացի դրանից, Հակոբյանը Կարեյանի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերել է Թ. Մանուկյանին պատկանող 3.47 գրամ «Սփայս» տեսակի թմրամիջոց:

Թ. Մանուկյանին եւ Հ. Կարեյանին քրեական պատասխանատվությունից կաշառք տալու միջոցով ազատելու, կաշառքի առարկայի ու չափի մասին համաձայնության գալու նպատակով Ժորա Հակոբյանի ընկերը՝ Արմեն Գեւորգյանը, դիմել է վերջինիս: Հակոբյանը, որն ի պաշտոնե քաջատեղյակ է եղել, որ «Սփայս» տեսակի թմրամիջոցը ՀՀ քրեական օրենսգրքի՝ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանող թիվ մեկ հավելվածում ընդգրկված չէ եւ այդ պատճառով Թադեւոս Մանուկյանը եւ Հենզել Կարեյանը ենթակա չեն քրեական պատասխանատվության, խեղաթյուրել է իրականությունը: Հակոբյանը պատրանք է ստեղծել, թե իբր ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում կարող է նրանց օգտին գործողություններ կատարել եւ ազատել քրեական պատասխանատվությունից, պահանջել  եւ Արմեն Գեւորգյանի միջոցով ստացել ու հափշտակել է Հենզել Կարեյանին պատկանող 400 հազար դրամը:

Նախաքննության ընթացքում Ժորա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 եւ 5-րդ կետերով, իսկ Արմեն Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: