Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընտրողների թիվը ուռճացված է եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ ամփոփելով 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրողների թվի վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները:
«Հնարավոր է ֆիկտիվ տվյալներ լինեին: Հայաստանի մշտական բնակչության, պաշտոնական տվյալներով, 85 տոկոսն ընտրացուցակներում է, մինչդեռ ըստ դեմոգրաֆիական ցուցանիշների՝ բնակչության թիվը մոտ 72 տոկոս է»,-նշել է նա՝ հավելելով, որ մոնիտորինգի տվյալները չեն հաստատում, որ հանրաքվեին կեղծումներ եւ լցոնումներ են եղել, բայց այս արդյունքներին պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն:
Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ Հայաստանում բնակչության թիվը նվազել է, սակայն ընտրողների թիվը աճել է:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակություն ունեն 219.200 65 տարեկան եւ ավելի մեծ անձինք, մինչդեռ ընտրացուցակներում ներառված էին 370.278 ընտրող: Ոստիկանությունը, իհարկե, իր պարզաբանումը ներկայացրել է, որ դրանք ծերանոցներն են, բայց եթե նույնիսկ այդպես է, պետք է ստուգեին՝ իսկապես այնտեղ 120 ընտրող կա, թե ոչ»,-ասել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ընտրական ցուցակներում հիմնական խնդիրներից է նաեւ Հայաստանից արտագաղթած անձանց տվյալների առկայությունը, որը, ըստ նրա բազմակի քվեարկության հնարավորություն է տալիս:
Ընտրացուցակներում, Հոկտանյանի խոսքով, բնակության 1 հասցեում գրանցված են եղել չափից շատ ընտրողներ:




























