Անգամ, եթե ես Արման Թաթոյանին դեմ քվեարկեի, չէի կարող Զարուհի Փոստանջյանին օգնել, որովհետեւ նա վեց կողմ ձայն ուներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ-ում Թաթոյանի հետ հանդիպոմից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում իր դիրքորոշմանը, երբ կողմ է քվեարկել ՄԻՊ պաշտոնում առաջադրված բոլոր երեք թեկնածուներին:

Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ լրագրողական հատվածի մի մասը չի հասկացել իր հիմնավորումները, մյուս մասն էլ «ենթարկվել է Զարուհի Փոստանջյանի ոչ բավարար թվաբանության տիրապետման արվեստին»:

«Ճիշտը նա է, որ բոլոր թեկնածուները, որոնք բավարարում են Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին, ներկայացվեն լիագումար նիստին, եւ լիագումար նիստը ընտրի այն պաշտպանին, որը կունենա 3/5 ձայն խորհրդարանում: Ամեն մեկն ունի իր առավելությունները: Հայեցակարգային մակարդակով ես ռեյտինգավորեցի, իմ պատկերացմամբ, թե ում մոտեցումներն են ավելի շատ մոտ իմ կամ մեր մոտեցումներին: Դա քննարկվել էր նաեւ մեր խմբակցությունում: Այդ տեսանկյունից առաջի տեղում Արման Թաթոյանին եմ նշել, երկրորդ տեղում Զարուհի Փոստանջյանին, երրորդ տեղում Նարեկ Ալոյանին: Ամեն մեկին պետք էր հնարավորություն տալ իրենց մոտեցումները ներկայացնելու լիագումար նիստին»,-  ընդգծել է ՀՅԴ-ական պատգամավորը:

«Անգամ, եթե ես Արման Թաթոյանին դեմ քվեարկեի, չէի կարող Զարուհի Փոստանջյանին օգնել, որովհետեւ նա վեց կողմ ձայն ուներ: Եվ ինչի՞ համար էր այս հիստերիան, ինչի համար էր նաեւ առանձին լրատվական դաշտի ներկայացուցիչների կեղտոտ պահվածքը, ես չեմ կարողանում հասկանալ»,- նշել է Մինասյանը:

Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը Արծվիկ Մինասյանի պահվածքը «սողացող» էր անվանել, դաշնակցական պատգամավորն արձագանքելն է. «Ես զերծ կմնամ այն գնահատելուց: Իր ամենամեծ արժանիքը ես համարում եմ չորս երեխաների մայր լինելը: Զարուհու այս կարգավիճակը պետք է իրեն զսպվածության, սթափության կոչ աներ»:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՄԻՊ-ի թեկնածուների ընտրության ժամանակ իշխանության թեկնածուն՝ Արման թաթոյանն ստացել է 7 կողմ ձայն, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ 5 կողմ ձայն: Արծվիկ Մինասյանը կողմ է քվեարկել բոլոր երեք թեկնածուներին, իսկ ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանը չի մասնակցել քվեարկությանը: Այսինքն ստացվում է, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը կողմ քվեարկեր Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, իսկ Արծվիկ Մինասյանը կողմ չքվեարկեր Թաթոյանի թեկնածությանը, ապա եւ Թաթոյանը, եւ Փոստանջյանը կունենային 6-ական կողմ ձայն եւ երկուսի թեկնածությունն էլ կներկայացվեր ԱԺ լիագումար նիստին: