Համաշխարհային լրատվամիջոցները չորս տարի անտեսել են Սիրիայի խաղաղ բնակիչների խնդիրները , որոնք տառապում էին ռազմական գործողությունների հետեւանքով, այս մասին RT հեռուստաալիքին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Միջազգային համայնքը ու համաշխարհային լրատվամիջոցները միայն հիմա՞ են իմացել Սիրիայում հումանիտար աղետի մասին: Նրանք չորս տարի է չգիտեի՞ն, որ Սիրիայում կան երեխաներ, որոնք տառապում են ներքին արյունահեղ դիմակայությունից, այնտեղ ընթացող պատերազմից: Նրանք այդ մասին ոչ մի բառ չեն ասել, նրանք միայն այնտեղ զենք, փող էին մատակարարում ու հովանավորում այսպես կոչված չափավոր ընդդիմադիրներին, որոնք պետք է գահընկեց անեին Ասադին: Երեխաների մասին ոչ ոք չէր մտածում».- ասել է նա՝ մեկնաբանելով Արեւմուտքի մեղադրանքներն այն մասին, որ Սիրիայում ՌԴ գործողությունների հետեւանքով խաղաղ բնակչությունն է զոհվում: 

Զախարովան շեշտել է, որ Արեւմուտքի պաշտոնատար դեմքերն ու կառույցները ռուսական կողմին չեն տրամադրում բավականաչափ տեղեկություններ, որոնք իբրեւ հաստատում են ՌԴ ՕՏՈւ հարվածների հետեւանքով քաղաքացիական օբյեկտների ավերածությունները:

ԱԳՆ ներկայացուցիչը պատմել է ոչ այնքան վերջերս կատարված մի դեպքի մասին, երբ արեւմտյան գործընկերները ռուս դիվանագետին թույլ չեն տվել ուսումնասիրել նման փաստաթղթերից մեկը: «Փորձագիտական մակարդակով հանդիպումներից մեկում լուսանկար բերեցին ու ցույց տվեցին: Ու երբ ռուս դիվանագետը խնդրեց, որ լուսանկարը իրեն տան, որպեսզի նայի, նրան ասացին «Միայն մեր ձեռքից»: Դուք երբեւէ նման բան տեսե՞լ եք »,- վրդովվեց Զախարովան: